ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը պալատական հեղաշրջման մի տեսակ է»

«Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը պալատական հեղաշրջման մի տեսակ է»
15.05.2014 | 14:57

Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամները հրավիրել էին մամուլի ասուլիս, որի ժամանակ էլ պատասխանեցին լրագրողների հարցերին՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև ներքաղաքական հարցեր: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականին վերաբերող հարցերին, նշեց, որ իրենց խնդիրն է լինելու բացառել պարտությունը, հասարակությանը չոգևորել, չտալ խոստումներ, որոնց չիրականացման դեպքում հաջորդում է հիասթափությունը քաղաքական գործընթացներից: Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու է այն ժամանակ, երբ կկարողանա հասնել դրան, և պահանջից մեկ ամիս անց նա հրաժարական կտա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք հասարակությանը չեն տալու խոստումներ, իսկ որոշ ժամանակ անց չեն փորձելու բացատրել, թե ինչու իրենց հրաժարականի պահանջները իրականություն չդարձան: Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդում կա երկու նախկին քաղբանտարկյալ՝ ինքը և Սասուն Միքայելյանը, և հավաստիացրեց, որ իրենք առաջիկայում էլ պատրաստ են նույն կերպ պայքարելու՝ հանուն իրենց գաղափարների:

irates.am-ը Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր ՀՀ քաղաքական գործընթացներում սփյուռքի ներգրավվածության մասին: Ի՞նչ արձագանքներ կան սփյուռքից:
«Կարող եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագրի» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ինը հոգի են, և նրանց մեծ մասը սփյուռքի հետ կապված մարդիկ են: Մի մասը վերադարձել է Հայրենիք, իսկ մյուս մասն էլ ապրում է արտերկրում: Դրանով իսկ կարելի է ասել, որ սփյուռքը բավականին դրականորեն է արձագանքել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակը չի՞ հուշում, որ առաջիկայում 1998 թ. սցենարով կարող է իրականացվել պալատական հեղաշրջում: ՈՒնե՞ն քաղաքական ուժերն այսօր բավարար ռեսուրսներ այդ հնարավոր սցենարը կանխելու համար:
«Պալատական հեղաշրջումներն ընդհանրապես հատուկ են բռնապետական երկրներին, ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանություններին: Սերժ Սարգսյանի իշխանությունը կոռումպացվա՞ծ է, այո՛, ոչ լեգիտի՞մ է, այո՛, ունի՞ բռնապետական հակումներ, այո՛: Դա նշանակում է, որ պալատական հեղաշրջումները երբեք չի կարելի բացառել: Մեր խնդիրն է՝ չմտնել պալատական ինտրիգների և հեղաշրջումների տրամաբանության մեջ, հարուցել ռեալ քաղաքական պրոցես, որտեղ քաղաքացին կունենա ռեալ դերակատարում, կունենա ռեալ պատկերացում, թե ինչ է անում և ինչի համար և ինչ նպատակների է հասցնում: Ես, անկեղծ ասած, Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը համարում եմ պալատական հեղաշրջման մի տեսակ՝ սահմանադրական ինչ-որ պրոցեդուրաների պահպանությամբ: Մենք չցանկացանք մասնակցել այդ պրոցեսին, քանի որ այդ պրոցեսը հստակ քաղաքական շեշտադրումներ դեռ չի ձևակերպել: Եվ ժամանակը ցույց տվեց, որ այդ դիրքորոշումը ոչ միայն ճիշտ էր, այլև արդարացված»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ